Ավանդույթ դարձած հանդիպում
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել էին «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ պարբերաբար կազմակերպվող սպորտային միջոցառումների նպատակն է բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրնեը, սպորտի միջոցով հավասար հնարավորություններ ապահովել ու խթանել հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը: ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում զինվորական հաշմանդամություն ունեցող 50 անձիք մրցել են սեղանի թենիս՝ կանգնած և անվասայլակով, շաշկի, շախմատ և բազկամարտ՝ աջ և ձախ ձեռքերի համար մարզաձևերում: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են ՀՀ ՊՆ պատվոգրերով,մեդալներով և դրամական մրցանակներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողներին ողջունել և
շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալյանը։ Նա ընդգծեց, որ տարբեր պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների և զինծառայողների առողջական ու սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են գտնվում: Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ «Սատար» հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանը, շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր մասնակիցներին բարձր ակտիվություն ցուցաբերելու համար: Ամենամյա այս միջոցառումը ընդլայնվում է և, ի ուրախություն բոլորիս, այս տարի ևս ունեիք նոր մասնակիցներ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՊՆ Նախարարությանը՝ ի դեմս Պարոն Դավիթ Տոնոյանի և Պաշտպանության Նախարարության աշխատակիցների՝ հաշմանդամային ստորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, կազմակերպության հետ շարունակական համագործակցության համար: