Ամանորյա տրամադրություն «Սատար»-ում
Այսօր «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ում տոնախմբություն էր: Կազմակերպության անդամներն ու շահառուներն իրենց ընտանիքների հետ եկել էին ՀԿ-ի կենտրոնական գրասենյակ, մասնակցելու Ամանորյա միջոցառմանը: Նրանց դիմավորեց կազմակերպության նախագահ Հ. Հունանյանը, մաղթելով բոլորի ընտանիքներին առողջություն, երջանկություն, սեր և ամուր կամք, ինչպես նաև ցանկացավ 2018-ի հաջողությունները կրկնապատկել 2019-ում: Նա նաև շնորհակալություն հայտնեց արտասահմանում բնակվող հայ բարերարներ Ջուլիետտա Զախարյանին, Լիլիա Շաքարյանին և Թագուհի Օհանյանին, միջոցառման մասնակիցների ամանորյա նվերների համար, իսկ Պաշտպանության նախարարությանը՝ վիրավոր տղաների երեխաներին թվով 55 հատ ամանորյա միջոցառման տոմսեր և նվեր-փաթեթի կտրոններ տրամադրելու համար: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև կազմակերպության գործադիր տնօրեն Գ. Դանիելյանը, մաղթելով բոլորին ուրախ Ամանոր, իսկ ներկա գտնվող մեծահասակներին էլ խորհուրդ տվեց այսօր մանկանալ և լիարժեք մասնակցել տոնին:
Տոնախմբության ընթացքում երեխաներին ուրախացնելու համար, խաղավարը կազմակերպեց բազմաթիվ խաղեր, հանձնեց մրցանակներ ամենաակտիվ և տաղանդավոր փոքրիկներին, իսկ Ձմեռ Պապը՝ իր թոռնուհի Ձյունանուշի հետ, փոքրիկներին և նրանց ընտանիքներին հանձնեց նվերները: Միջոցառմանը ներկա էին նաև «Բարի Սամարացի» ընկերության ներկայացուցիչները, որոնք բարեմաղթանքներ հղեցին ներկաներին
: «Բարի Սամարացի» ընկերությունը անմասն չէր մնացել օրվա հյուրասիրության կազմակերպումից, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ընկերության ղեկավար անձնակազմին: Հյուրասիրությունից հետո տոնը շարունակվեց երգ ու պարով, փոխադարձ շնորհավորանքներով ու ջերմ մաղթանքներով: