29 Dec2020
Ամանորի նախաշեմին
Անցնող տարին շրջադարձային եղավ հայ ազգի համար։ Տարին ամփոփում ենք ցավալի կորուստներով։ Կորուստները վերջինը չեն լինի, եթե չսթափվենք, եթե շարունակենք մեղավորներ փնտրել մեր մեջ։ Այս տարի, առավել քան երբևէ, պարտավորվածություն կար այցելելու զորամասեր, մարտական հենակետեր` տեղում շփվելու զինվորների հետ, միասին ամփոփելու մեր երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը։ Սփյուռքում ապրող բարերար Արայիկ Հակոբյանի աջակցությամբ մեր զինվորներին փոխանցեցինք առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև կազմակերպվեցինք հյուրասիրություն։ Վստահաբար կարող եմ ասել` հայ զինվորն անպարտելի է, մարտական ոգին` անկոտրում։ Հանուն մեր զոհված հերոսների հիշատակի` խոստացանք իրար գալիք տարին դիմավորել` որդեգրելով նոր ռազմավարություն. ապրել հայրենիքի, ժողովրդի ու պետականության բարձր գիտակցումով, լինել առավել ներողամիտ, հետ նայել` միայն սխալները շտկելու համար, յուրաքանչյուրս մեր գործում լինել օրինակելի։ Միանալով սահմանին կանգնած զինվորների կոչին` խոնարհվում ենք հերոսածին մայրերի առջև, խնդրում ենք զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական խառնաշփոթից, ստեղծված ցավալի իրավիճակում չխոչընդոտել զորամասերի, հրամկազմի կարևոր առաքելությունը։ Այսօր, առավել քան երբևէ, մեր բանակի առջև լուրջ խնդիրներ կան ծառացած, բանակն ունի հասարակության զուսպ օժանդակության կարիքը։ Հարգելի հայրենակիցներ, անփոփելով խոսքս` ուզում եմ մաղթել, որ գալիք տարում լինենք համախմբված, փոխադարձ հարգանքով, ցուցաբերենք հայ քրիստոնյային վայել զսպվածություն ու ազնվություն` հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին և մշակույթին։ Վստահ եմ` համախմբված 2021 թվականին կունենանք վերջնական հաղթանակած խաղաղություն։
Փառք ու խոնարհումս մեր զոհված հերոսների հիշատակի առաջ, վիրավոր զինվորին` շուտափույթ ապաքինում։